Համո Սահյան

Տար ինձ, ժամանակ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

… Եվ արժե՞ր արդյոք

…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
Մի տուն, մի գլուխ պահելու համար,
Ժամանակավոր
Մի անմահություն շահելու համար
Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր
Քարքարոտ մի հուն մտնելու համար,
Պարզ ու նախնական
Մի ճշմարտություն կրկնելու համար,
Մի բուռ ինքնություն գտնելու համար
Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,
Երբ որ ուժերդ չէին ներելու`
Քո իսկ էության
Փախած բևեռներն իրար բերելու,
Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,
Չէիր վանելու այս մեղկ մարդկության
Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,
Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,
Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Լինում են պահեր

Լինում են պահեր, որ քիչ է մնում
Մարդ իր կոչումն ու պարտքը մոռանա
Եվ գլուխն առնի թողնի հեռանա
Անիմանալի այս խորք ու ձևից,
Հանապազօրյա կրքերի ձեռից,
Հոգսերի բեռից հանապազօրյա…
Թողնի հեռանա այս առուփախից,
Այս անէության տիրական վախից,
Խառնակ խոհերից, խանդ ու խաղերից,
Հրամաններից, հրավերներից,
Անվերջ կրկնվող աղմուկ ու վեճից,
Ներշնչում կոչվող
Կեսգիշերային բայղուշ-բվեճից,
Հորդորանքներից, հանդիմանանքից
Եվ մինչև անգամ իր դավանանքից…
Թողնի հեռանա իր տուն ու տեղից,
Հույս ու հուշերի պղտոր հեղեղից,
Երազանքներից դրոշակակիր
Եվ այն ամենից, որ կամաց-կամաց
Իրար մերժելով,
Իրար մերվելով
Գալիս գումարվում և դառնում են կյանք,
Եվ դառնում են բախտ ու ճակատագիր:
Լինում են պահեր, որ քիչ է մնում
Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ…
Բայց քեզնից ինչպե՞ս և ո՞ւր հեռանամ,
Ամենազորեղ իմ անզորություն,—
Իմ անտանելի բնավորություն:

Կուզես պայթիր

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։

Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։

Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։

Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը։

3 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s